Երեկ ազգիս վրա վատ երազ տեսա: Երազումս իբր Մայր Հայաստանը գյուղական էլիտայի ներկայացուցիչների` “ժեկերի”, անձնագրային բաժնի աշխատակցուհիների ու դպրոցի տնօրենների իգական սեռի ներկայացուցիչների ուղեկցությամբ բոբիկ գնացել էր կանանց տիեզերական համաժողովին` մեր երկիրը ներկայացնելու ու թղթե շերեփը համաշխարհային հարիսայի կաթսայի մեջ խրեց…
Էս Բեթի Ֆրիդենը լիբերալ ֆեմինիզմի շերեփով ափսեների մեջ լցնում էր հարիսան ու հետ փոխանցում, Ջանեթը Բիելի էկոֆեմինիստական աղ էր բաժանում, իսկ երբ Անջելա Դեվիսը սեւամորթ կանանց համար փայտե դագանակներ բերեց ու երբ եվրոպացի կնանիք սկսեցին կանանց գրականությամբ ու Վիրջինի Վուլֆով լոպազանալ, էս մեր խեղճ ու կրակ Մայր Հայաստանը քաշվեց մի կողմ ու լաց եղավ…
Բայց… հիշեց Եղիշեին, տիկնանց փափկասուն, հավաքեց իրեն ու երկրորդ մոտեցմամբ փորձեց գոնե թղթե շերեփի ծայրից բռնել… Ու չնայած մեր Մայր Հայաստանը կարդացած կնիկ էր, Կապուտիկյանից մինչեւ Զապել Եսայան անգիր էր արել դպրոցում, բայց գլխի չընկավ, որ գոնե դրանք հիշատակելու տեղն է եկել ու միակ փայլատակումը երգչուհի Շեր-ին հիշելն էր: Բայց դե Շերը շեր է մնում, թքած ուներ` հայկական արմատներ կա մեջը, թե չէ…
Մեր Մայր Հայաստանը “տիեզերական” ձախողումից հետո նամակ գրեց տուն, որ իրենց պահած, փայփայած որդիներն ու ամուսինները գան, տուն բերեն, բայց թարսի պես էդ ժամանակ քաղաքում ուկրաինացի ու ռուս մի երկու կնիկ էին ֆռֆռում, ու էս մեր տղամարդիկ ազգային-ազատագրականով էին խրված, նամակին պատասխանելու ժամանակ չեղավ…
Ու ինչպես դարերով ավանդվել էր, ժառանգական հարմարվողականությամբ քարից հաց քամող էս մեր կանանց դելեգացիան տան ճամփեն բռնեց, որը անցնում էր Դեր Զորով… Ու պատմական անարդար զարգացմամբ մեր Մայր Հայաստանի մայրը մեկ անգամ եւս լացեց ուժգին ու աղեկտուր… Ու լռեց նա` հարմարվելով իր վիճակին ու ընկճված տուն գալով` դաստիարակեց իր Թագուհի դուստրերին Արա որդիներին ծառայելու համար, իսկ Արա որդիներին` հարեւանի Շամիրամներով զբաղվելու համար… Հետո երազումս աչքիս երեւաց էդ Կլարա Ցետկինը ու մատ թափ տվեց ազգիս վրա… Վեր թռա, “ջրի վրա” պատմեցի երազս ու էլ քնել չկարողացա… Էհ… Էլի մարտի 8-ն է…
***
Մշակութաբանության 19-րդ դարի տեսություններից մեկում աչքիս ընկավ հասարակությունում եւ ազգային մշակույթի պայմաններում կնոջը վերագրվող սոցիալական դերի ու վարքագծի մասին մի տեսլական, որը հատուկ շեշտում էր, թե կանանց` չափից ավելի առաջադեմ լինելու ձգտում ու գայթակղությունը կարող է բերել կնոջը առնականի` խաղի կանոնների ոլորտ:
21-րդ դարում, երբ արդեն ոչ ոք կասկած էլ չունի, որ man’s world է, տեսությունը հատուկ շեշտում է, որ սեռադերային ծիսակարգը անզոր է կոտրել անգամ ամենաուժեղ քարոզչաապարատն ու շարժումը: Անզոր է, որովհետեւ “կայֆը” հենց նրանում է, որ դու կարող ես կանացի լինել ու լինել այնպիսին, ինչպիսին կաս: Ահա քեզ եւ առաջադիմություն…
Սակայն հենց մեր հարյուրամյակում չգիտես ինչու անհատի ինքնության պարապը արագորեն լցվեց միջմշակութային անգործությամբ ու 21-րդ` “տղամարդկանց դարում” դժվարը այսուհետ “տղամարդ” գտնել է… Գտնել մեկին, ով չի վախենում ուժեղ կանացիության սուբյեկտի կողքին լինել ու սեռադերային ծիսակարգը տանել ըստ արժանավույնս:
Ու գլոբալը դեռ մի կողմ, Եվրոպան էնտուզիաստներ կվարձի` հրապարակում շորերը պատռելու ու խմբակային կլորին թքելու համար… Բայց մենք… Ինչպես պատահեց, որ մեզանում պարապը միայն սեփական հեռախոսի կամ մեքենայի հետ հարաբերվող, սեփական գենդերային դերը կորցրած սոցիալական կառուցվածքներում արդարացում փնտրող “անտղամարդկության” սերունդով լցրեց:
Գուցե դա նրանից է, որ “մենք ուրիշ ենք” ու մեր “ազգային-ազատագրականը”… Մեր օրինաչափը “Մայր Հայաստանի” նկատմամբ սեփական սեռականության ֆենոմենը լցնում է մարտի 8-ին մի փունջ ծաղիկով ու հոխորտանքով, թե դա չափազանց թանկ է նստում վերջինիս սոցիալական գոյության վրա!!! /թե ինչու հայերենում էս նշանից չունենք/
Կարծում եմ` լինել հայ կին ու դիրքորոշում ունենալը սա էն մահացու վտանգավոր կոնցեպցիան է, որը վրաս անընդհատ մատ էր թափ տալիս էսօրվա վատ երազումս: Ու հենց էս կոնցեպցիայի արդյունքում մեր տատերն ու մայրերը երեւի մերձավոր արեւելյան ազդեցությամբ շարունակաբար գլուխը թեքեցին իրենց ամուսինների ծնկներին` ուսի տեղը մոռանալով:
Ու հայ կնոջ կերպարը ընդհանրացավ Մաթեւոսյանի “Աղունի” ու “Հարսնացուն հյուսիսից”-ի “Արուսի” շղարշով /Արուսը օրինակ`հրաշալի կին էր, բայց Մուրադի հպարտությունն էր միայն նրա համար, որ “հրաշալի” կով էր կթում ու Արուսի կողքին “տղամարդ” լինելը հեշտ էր/: Ու ամեն սերնդի հետ Արուսի զգեստի փեշերին մերձավոր արեւելյան հոտ կպավ…
ու հիմա գենդերային կարծրատիպերի ու հասարական մեկ այլ նորմերի վարժված մեր սերունդը կաշվից դուրս է գալիս բնական մնալու եւ “սեփական ես”-ը չկեղծելու համար… Ահա եւ քեզ ազգային ինքնություն… ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԵՄ /Ռեւերդի/
***
Շնորհավոր մարտի 8… Մի մոռացեք տոնի իսկական խորհուրդը…
***
Ես մեկ-մեկ ազգիս վրա լավ երազներ էլ եմ տեսնում… տեսնում եմ բաց ճակատներով լիքը-լիքը երիտասարդներ, ովքեր հրում են հետսովետական ու մերձավորարեւելյան կեղծավորության անգո պատը… Ու հանկարծ պարզվում է, որ գերեզմանների խաչքարերից ու դուդուկից այն կողմ էս ազգը ձեւավորված մշակութային արժեքներ ու դրանց ինստալացիաներն ունի, սեփական ինքնության ու կեցության բնորոշ մոդել ունի ու այդ մոդելը նստած է ամեն ծնվող երեխայի մեջ ճիշտ այն նույն ժամանակներից, երբ Կլարա Ցետկինների ու Անջելա Դեվիսների նախատատերը ծառերին էին մագլցում… /Մեկ-մեկ կարելի է լոպազանալ
/
Անկեղծորեն ձեր Բլանշ
Կոմպի ստեղների կոճակները անտրամաբանական հաջորդականությամբ արդեն որերորդ անգամ սեղմելուց հետո ինքս ինձ բռնում այն մտքի վրա, որ շնչելս առանձնապես չի գալիս ու սիրտս համարյա չի էլ թփրտում: Սովորական պատմություն: Պատահում է, չէ՞: Մոլորակի վրա քանի միլիոն մարդու սիրտ է կանգնում ամեն մի վայրկյան: Ախր մարդկային է չէ՞ ցավեցնող ամեն ինչին տեղի տալը, մանավանդ, որ դրա համար առիթներ ինչքան ասես լինում են ու կրկնվում օրական հաջորդականությամբ: Ջնջեցի էս պատմությունը: Սկսում են նորից:
Օրս սկսում եմ շնորհակալության աղոթքով ու չեմ վախենում ոչ նորաձեւ երեւալուց: Ու շնորհակալություն եմ հայտնում այս համատարած արեւների ու սիրո համար: Էնպես սիրում եմ այս արեւները ամենուր, մարդիկ անցնող, ժպիտները ծանոթ-անծանոթ, բոլորին, ամեն ինչ: Մտերիմներիցս մեկը հարցնում է. “լսի, կարողա՞ աղանդավորական ես դառել, էդ կարծեմ վտանգավորա”: Ժպտում եմ: Եթե սիրո աղանդ կա, ուրեմն ես էդ աղանդի հետեւորդներից եմ: Սիրում եմ: Չէ, իսկականից էս մեկը էն փոփ աստղերի երգերի մեջ պատմվող սիրո մասին չէ, են որ պատեր են քերծում, տանջվում, տառապում: Սերը լուսավոր է: Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք:
Էն ջնջածս պատմությունը: Վերելակի կոճակը ռոբոտային արագությամբ եմ սեղմում ու նայում վերեւի վառվող կետերին: 8, 7, 6, 5 … բացվեց: Գլխարկով ու սպիտակ բեխերով մի նիհար կազմվածք բարբառում է. “ներքեւ՞”: Գլխով եմ անում ու ներս գցվում: Փակվեց:
4-րդ հարկ, 3-րդ հարկ, իջնում ենք: Նիհար ու սպիտակած կազմվածքը նայում է: Նիհար ու սպիտակած կազմվածքը երկու ձեռքերը փակած բռունցքեներով առաջ պարզում ու ասում, որ գուշակեմ, թե որն է: Ես անակնկալի եկած ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել` ինչը գուշակեմ: Հետո էլի ավտոմատ կերպով ձախն եմ ցույց տալիս:
2-րդ հարկ, իջնում ենք: Ժպտում է, աջը բացում է ու մի կոնֆետ պարզում: “Պապդ սաղ է՞” հարցնում է: Ես էլ գլուխս եմ տարուբերում: Վերցնում եմ կոնֆետը: “Դե ժպտա մի տեսնեմ է~,-ասում է,- կարողա չէ՞ էս անտերը չաշխատեր, ոտքով իջնեիր, ինձ չտեսնեիր ու շակալադ չուտեիր”: “Ըհը”,-ասում եմ ու ժպտում:
1-ին հարկ, բացվում է դուռը, ինքը արագ-արագ դուրս է գալիս: Էլի ժպտում եմ: Հետո տեսնում եմ` ինչպես է պահակակետի մոտ կանգնած թերթավաճառի ձեռքը սեղմում ու կորում դռան հետեւում: “Ոնց է ձեռները գնում թոշակի գրել սենց մասնագետների”,-անցնում եմ թերավաճառի մոտով…
Դրսում ցուրտ է: Թեւանցուկ անցնում են երկու կին մի պուճուրի ձեռքը բռնած: Էս աղջնակը ոտքերը ջրափոսի մեջով չլմփացնելով է քայլում: Մայրը ջղայնանում է: Պուճուրը ժպտում: Ես էլ: Ոտքս ջրափոսի մեջ եմ դնում: Չլմփ: Ինչ լավ է: Մետրո չեմ իջնում, չնայած սովորությանս կամ ավելի ճիշտ բնավորությանս նման օրերին մետրոի մինչեւ վերջին կանգառը գնալու: Տարօրինակ է, բայց արեւ է էս գիշերվա կեսին ու տաք օդ է փչում էս անցնող մարդկանցից, խանութների ցուցափեղկերից, գովազդային վահանակներից: Ժպտում եմ: Անցնողները տանօրինակ են նայում: Չէ, անցորդները տուն են գնացել` քնելու:
Փողոցի մեծ գովազդային վահանակին “Ես սիրում եմ քեզ” է գրված, ներքեւում. “Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին”: Մտածում եմ, այ թե էս “տոնը” ամեն օր լինի, սովորություն դառնա, հետո` բնավորություն: Մյուս վահանակին հերթական բանկի հերթական գովազդն է. “Իրականացրու երազանքդ” մյուսին` նույն վարկային բովանդակությամբ մի ուրիշ բանկի “Այստեղ եւ ամենուր”-ը:
Աբովյանի վրա էլի Դավիթն է բռնեցնում, թե նկարներ գնի: “Էսօր իմ ծնունդ է”,- ասում է: Կոնֆետը չեմ կերել, պարզում եմ իրեն: Հարցնում եմ` իսկ դու ինչ ես երազում…
…Տաքսու վարորդը բախտի բերմամբ չխոսկան է դուրս գալիս: “Որսա պահը”,- ասում է գովազդային վահանակը: Հերթով նայում եմ Դավիթի նկարները, հետո պայուսակիցս թղթապանակ հանում ու մեջը տեղավորում: Երեսի նկարը շրջած եմ դնում ու մտածում գրվածի մասին: Լավ է, որ բոլորը գնեցի, թող սովորի կարգին բան երազել: Մենակ վատն էն է, որ նոր նոթբուկի համար էդպես էլ գումար չի հավաքվում:
“Հոգալ ավելին”,-ասում է գովազդային վահանակը: Ու մտածում եմ` ինչ եմ ասելու տանեցիքին: Բա տատիին: Ինքը միշտ էսպես կարեւոր օրերին իմ տանից իմ դուրս գալուց առաջ ջուր է ցանում հետեւիցս: Հին “խասիաթի” կին է, հավատում է, որ դա անպայման հաջողություն է բերելու:
… Դուռը հենց տատին է բացում: “Հը՞, ինչի՞ էսպես ուշացար”: Համբուրում եմ ու ասում, որ իրեն շատ եմ սիրում: “Ասում եմ էլի, ես եմ հետեւիցդ ջուր ցանել, ուրիշ ձեւ չէր էլ լինի”: Բոլորը ժպտում են, տանը տաք է: “Մենակ հեռախդ ինչի ես անջատել, անհանգստանում էինք”: Իրոք, մոռացել էի հեռախոսի մասին: Միացնում եմ: Ցերեկվանից արդեն ահագին սմս-ներ ունեմ, էլի մարդիկ կան, որ անհանգստանում են ինձ համար: Ջերմություն է գալիս հեռախոսից: Չէ, ջերմությունը ամենուր է, տեսել է պետք: “Ես սիրում եմ քեզ”,-ամեն ուր ասում են էդ վահանակները: Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք:
Սովորական պատմություն է էլի: Օրս սկսում եմ շնորհակալության աղոթքով: Շնորհակալ եմ: Ախր էնքան եմ սիրում էս կյանքը, որ դժոխքում ապրել էլ կհամաձայնեմ: Գիշերին միշտ առավոտ է հաջորդում, ինչպես “կորցրած” օրերին` արեւոտները: Սիրում եմ… Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք:
Վերջին շրջանում սիրտս խառնում է բացառապես քաղաքականությունից։ Լուրջ քիչ է մնում փղձկամ։ Չէ, սա ոչ այն պատճառով, որ հանկարծ քնեցի-արթնացա ու որոշեցի, որ մեր քաղաքական դաշտը ամբողջությամբ տաղտուկ հետեւմտնուկների յուրօրինակ տեղայնացված մասոնական լյոժա է։ Չէ, ոչ թե խնդիրները հանկարծ ավելացան կամ պակասեցին… պարզապես հանկարծ ցրտեց քաղաքում ու ես հասկացա, որ «մարդիկ» են պակասում ինձ, էնպես քիչ են երեւում կամ էնպես հազվադեպ եմ հանդիպում վերջերս։ Բայց այնուամենայնիվ հանդիպում են…
Առավոտյան աղբարկղի կաղքին պատահական նկատեցի Համիկին։ Ես իրեն ճանաչեցի, ասաց՝ ակնոցներով շատ ես փոխած, հետո էլ, թե սովորություն չունի նայելու աղջիկներին. ընկերները գալիս ծեծում են իրեն։ Նստեցի կողքին, խոսեցինք մի քիչ։ Հրաժարվեց փող վերցնել, ասաց «գործերս լավացել են, քեզ Բելաջո կհրավիրեմ էս երկու օրը», ծիծաղեցինք։ Մտքովս անցնում էր՝ ինչ լավ է կոլեգաներիցս, ընկերներիցս մեկը հետս չկա։ Թե չէ կարող է երեսները խառնեին իրար, թե բոմժերի հետ ինչ գործ ունենք ու Համիկը իրեն վատ զգար։ /Հետաքրքիր է, չէ իրենց սիրտը բոմժերից է խառնում, իմ սիրտը քաղաքականությունից։ Արդյունքում փղձկում ենք համատարած/։
Ինձ ասում է. «Էնքան լավ կանես բժշկություն սովորես։ Ծեր մարդ եմ, հազար ու մի ցավով, ինձ դեղ կնշանակեիր։ Ասենք էսպես էլ լավ է»։ Ես ասում եմ, որ կարող եմ իրեն բժշկի տանել։ Ծիծաղում է, թե. «չէ, լավ հեչ, մոռացիր, ամաչում եմ հիվանդություններիս մասին իմանաս։ Ավելի լավ է ձախողված երաժշտ ինձ հիշես, հետո մարդ ես, քո էդ պաշտոնյաների պես գուցե մի օր էլ իմ մասին գրես»։ Ժպտում ենք, անցնող մարդիկ տարօրինակ ինձ են նայում, չնայած ես կարծում եմ՝ էդպես պիտի Համիկին նայեին. ինքն է «բոմժը» բոլոր անտարբեր մարդկանց չափանիշներով։
Հարցազրույցին հասնում եմ ուշացած։ «Ինֆորմատորս» անհամբերության նշաններ է անում։ Արդեն երկրորդ բաժակ սուրճն է հասցրել խմել։ Խոսում ենք, ձայնագրում եմ։ Սրճարանում էր դե հարցազրույցը, «իֆորմատորս» ծանոթ մարդիկանց է տեսնում։ Այդ ծանոթներին ինձ է ներկայացնում, հետո էլ թե «դե տեսնում եք էլի, հարցազրույց են վերցնում ինձանից։ Զբաղված եմ»։ Գլխով հաստատում եմ նրա ասացը, սիրտս էլի սկսում է խառնել այս ամենից։
Հետո շտապում եմ կոնֆերանսին։ Այստեղ որպես լրագրության ուսանող եմ մասնակցում։ Ներկայացուցչական մտահոգություններ են հնչում ոլորտի մասին։ Հետո բոլորը սոված շների պես «հարձակվում են» ֆուրշետի սեղանին։ Անսպասելի աղջիկներից մեկը որոշում է «նկատել» զգեստս։ Ասեւմ է, թե «Շուշ, շատ սիրուն է, ես գիտեմ, որ դու ճաշակով ես հագնվում, դե էլիտնի բաներ էլի»։ Այս բոլորը ռուսական հնչողությամբ եւ տառերը ջարդելով։ Շնորհակալություն եմ հայտնում կոմպլիմենտի համար։ Սիրտս էլի սկսում է խառնել։ /Այս աղջիկը եթե իմանա, որ ես այս նույն զգեստով «բոմժ» կողքին եմ նստել, հավանաբար էլ «կոմպլիմենտներ չի շռայլի» /։ Այս միտքը դուրս գալիս է։ Հազիվ եմ զսպում ծիծաղս։
Հետո այնքան «հետո»-ներ են լինում, դե երկրորդ հերթ եմ համալսարանում, դասի եմ վազում, հետո խմբագրություն, հետո լիդերների դպրոց, հետո հանդիպման կամ տուն։ Ամենուր խոսում են քաղաքականությունից ու կարծես «զորով» ստիպում են սրտիս «խառնել»։ Համալսարանական դոզան ամենադաժանն է։ Լկստված անուղեղ լակոտներ աջ ու ձախ խոսեցնում են «իբրեւ», լսարանների դիմաց սպասում, դուռ բացում-փակում։ Էնպես ցավալի է, որ մեր սերունդի երիտասարդների մեջ «ազնվականությունը» հազվադեպ երեւույթ է, այն էլ դրսեւորվում է հատուկենտ դեպքերում «մոտենալու պադխոդում» /վերջին արտահայտությունում «ապեն» մոռացա։ Ներողություն եմ խնդրում/։
Ու մինչ երկար ժամեր խմբագրությում կոմպիս առաջ գլուխ եմ «ջարդում», թե ինչ նյութ դնեմ Ա1-ի բլոգում կամ ինչպես անեմ, որ իրադարձային նյութերի գնալիս խոսափեմ այդ քաղաքականությունից, գոնե ժամանակավոր, ոչ մի բան դուրս չի գալիս… Չնայած կպչուն միտք կա, որ պոկ չի գալիս գլխիցս։ Գնամ կառավարության դիմաց, կամ ԱԺ-ի, կամ նախագահականի, որտեղ պատահի կամ բոլորում անխտիր «սիրտ թափեմ»………….. ու գուցե մի փոքր հանգստանամ։
Ե.Գ. Համիկի վիճակը հեչ լավ չէր, հանկարծ պատկերացրեցի, որ կարող է մինչեւ ձմեռ չձգել, մարմնովս սարսուռ անցավ։ Ախր շատ չորկող պապի է, ոչ մի կերպ չի ուզում իրեն օգնեն, մենակ իր անվերջանալի արկածներից ու ջութակից է պատմում։ Ու սա կյանքումս այն քիչ դեպքերից է, երբ վատ չեմ զգում սուտ խոսելուց ու ձեւացնելուց։ /Ձեւացնում եմ, թե չգիտեմ, որ իր մասին ամեն ինչ միֆ է, հորինված, որ ջութակի կյանքում ոչ մի անգամ ձեռքով չի դիպչել ու որ հաշվառման մեջ է որպես……. շատ բան գիտեմ, անօթեւանների մասին նախորդ տարի մի շարք նյութեր եմ գրել ու…/։ Բայց ինքը հրաշալի մարդ է ու եթե ուրիշ տեղում ուրիշ ժամանակ ծնված լիներ, հաստատ հանճարի համբավ կունենար։ Մտածում եմ՝ երեւի Համիկի վիճակից ու ցրտերից սկսեց սրտխառնուքս։ Թե չէ այսքան վատ հաստատ չէի լինի...
Երկար չէի մտել ԺԺ, այնքան երկար, որ միայն երեկ նկատեցի՝ վերջին անգամ անցած տարի մայիսին եմ գրառում արել՝ առաջին ու վերջին... Ինչեւէ, երեկ սկսեցի "օն-լայն կյանքս թեթեւացնելու ակցիա", ԺԺ-ական ընկերներիս ցուցակը ընդլայնեցի՝ գոնե այն մարդկանց ավելացնելով, ում ամեն օր Google reader-ով կարդում եմ, շատերին դեռ չեմ գտել։ Որոշել եմ մեկ-մեկ երեւալ այստեղ ու friend list-ով կարդալը հարմար առիթ է։Հետո էլ Google-ս կթեթեւանա։ Տեսնենք։
Նկատեցի, որ նախորդ անգամ, երբ փոսթ եմ արել, Ա1-ի բլոգը դեռ հին հասցեում էր։Հիմա http://a1plus.wordpress.com/ -ում եմ, այնպես որ, թե ժամանակ եք ունենում, այնտեղ այցելեք, լա՞վ։
Բոլոր նրանց, ովքեր էնպես պատահական կդանդիպեն այս փոսթը ու շատ պատահական կկարդան մինչեւ վերջ, այ հենց այս մարդկանց համար գրում եմ... Ես ձեզ շաաաաաաաաատ սիրում եմ ու շաաաաաաաատ եմ սիրում հայկական "գունավոր" բլոգոսֆերան։
Ե.Գ. Ասում եմ էլի, հեչ հարմար չի ԺԺ-ն, մենակ գովազդները աջ ու ջախ, կոտրում ու ջախջախում են տրամադրությունդ ու պատրաստակամությունդ մի բան գրելու... Եխ...
Բարեւ բոլոր նրանց, ովքեր երբեւէ կկարդան այս տափակ գրվածքը...
Ես իրոք չեմ սիրում livejournal-ը ինձ դուր չի գալիս այստեղի հնարավորությունները, ինտերֆեյսը, համայքները, մի տեսակ անհարմար է օգտագործման համար...
Բայց դե գրացնվել եմ, որ մեկ-մեկ մեկնաբանություն անեմ ու անտեր-անտիրական յուսեր չլինեմ :)
Այնուամենայնիվ, եթե կարդացիք այսքանը, այցելեք բլոգս, լավ? http://blansh.wordpress.com/: Ու քանի որ ես վարում եմ նաեւ http://a1plus.blogsome.com/ ուրախ կլինեմ, եթե այստեղ էլ այցելեք:
Հա, մոռացա, ես Շուշանն եմ blansh-ը, այստեղ blansh-arm-ը, (այ թե իմանամ ինձանից առաջ ով է վերցրել այդ նիկը... ), մասնագիտությամբ լրագրող եմ, կոչումով` հայրենասեր, իսկ ընդհանրապես ՀՀ քաղաքացի:
Շնորհակալություն, եթե կարդացիք, եթե չկարդացիք էլ...
Կհանդիպենք այստեղ, բլոգոսֆերայում, facebook-ում, փողոցում, ամենուր...
Ե.Գ. Նաեւ odnoklassnikin-ին չեմ սիրում, չավելացնեք որպես ընկեր, լավ?
